ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում «Երգում ենք միասին» խորագրով տեղի է ունեցել «Արցախի հեղինակային երգի ակումբ»-ի և Օսիայի երաժիշտների համատեղ համերգը:
Արցախի հեղինակային երգի ակումբը և Օսիայի երաժիշտները Ստեփանակերտում հանդես են եկել համատեղ համերգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համերգին «Արցախի հեղինակային երգի ակումբ»-ը հանդես է եկել իրենց հեղինակային երգերով, կայացել է նաև երգի պրեմիերաներ, իսկ օսիացի երաժիշտներն էլ հանդես են եկել իրենց ազգային երգերի կատարումներով: Վերջում երկու ազգերի ժողովուրդները միասին հանդես են եկել համատեղ երգով:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի հեղինակային երգի ակումբ»-ի հիմնադիր և ղեկավար, երաժիշտ, կիթառահար, երգչուհի Ջուլիետա Առուստամյանն ասել է, որ իրենք նպատակ ունեն անցկացնելու հեղինակային երգերի փառատոն:
«2013 թվականից է սկսվել մեր համագործակցությունը: Այսօր Հարավային և հյուսիսային Օսիայից Արցախ են եկել 7 երաժիշտ, ովքեր հետաքրքրված են հայկական փողային գործիքներով: Նրանք սկզբից եղել են Հայաստանում և այնտեղ անց են կացրել շվիի վարպետաց դասեր»,-ասել է Ջ. Առստամյանը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 16-ին Շուշիի կերպարվեստի թանգարանում իրենք հանդես են գալու համերգային ծրագրով
Իսկ Հյուսիսայինն Օսիայից առաջին անգամ Արցախ եկած երաժիշտ Մարգարիտա Ստեբլինան նշել է, որ հիացած է Արցախով ու արցախցիներով:
«Մեզ համար շատ կարևոր է Արցախում լինելը և համատեղ համերգով հանդես գալը «Արցախի հեղինակային երգի ակումբ»-ի հետ: Մեր հանդիպումը ջերմ և անկեղծ էր. համոզված եմ, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու: Ես ցանկություն ունեմ խմբին հրավիրել Օսիա: Մենք այնտեղ ևս միասին հանդես կգանք համերգային ծրագրով: Եթե մեզ հաջողվի հեղինակային երգերի փառատոն կազմակերպել, շատ գոհ և ուրախ կլինենք»,-ասել է Ստեբլինա Մարգարիտան: