Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը, երեկ՝ հուլիսի 18-ին, Երևանում արժանացել է հատուկ մրցանակի՝ հրապարակային եւ գրագետ աշխատանքի համար:
«Հայկական PR ասոցիացիա»-ի կողմից Արտակ Բեգլարյանը հատուկ մրցանակ է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցանակը տրվել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից: Հայկական PR մրցանակաբաշխությունը համախմբել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց՝ նպատակ ունենալով հանրությանը ներկայացնել առողջ մրցակցության արդյունքում ընտրված կառույցներին եւ անձանց, ովքեր ամենագրագետ եւ ամենահետաքրքիր կերպով են կարողացել աշխատանք տանել հանրության հետ՝ ըստ այդմ նպաստելով հանրային կապերի զարգացմանը:
Տարվա մամուլի քարտուղար է հայտարարվել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, տարվա իրադարձությունը՝ «Ուխտագնացություն 1–ին Քրիստոնյա երկիր՝ Հռոմի պապի այցը Հայաստան», տարվա քաղաքական գործիչը՝ «ԵԼՔ» դաշինիքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային գործիչը` վարչապետ Կարեն Կարապետյանը, տարվա նախաձեռնություն ճանաչվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը, տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, տարվա նորարարական PR` Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, տարվա մշակութային PR` «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր (Հայաստանի Հանրապետական կուսակցություն): Մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու Առավոտ թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը «P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ, Նաիրա Նազարյանը («Beeline» հանրային կապերի ղեկավար) եւ Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի տնօրեն):
Մրցանակաբաշխությանը ներկա էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանը եւ Արմեն Ամիրյանը, ովքեր ևս մրցանակներ հանձնեցին հաղթողներին: