ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 1-ից Շուշիում մեկնարկած «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումը հուլիսի 19-ին ավարտել է իր աշխատանքները:
Շուշիում տեղի է ունեցել քանդակագործության 5-րդ միջազգային սիմպոզիումի փակման արարողությունը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցը ողջունելով ներկաներին, կարևորելով սիմպոզիումի անցկացումն Շուշիում նշել է, որ Արցախի մշակութային կյանքն օր օրի ակտիվանում է իր շուրջը հավաքելով տարբեր երկրների ներկայացուցիչների, ովքեր գալով ճանաչում են մեզ և մեր մշակութային արժեքները:
«Ամեն տարի տարբեր երկրներից քանդակագործներ են գալիս Արցախ՝ մասնակցելու ամենամյա այս գեղեցիկ միջոցառմանը,
որը միանշանակ հիանալի գաղափար է:
Ուրախ ենք նոր քանադակներ տեսնել,
որոնցից յուրաքանչյուրը մեծ արժեք է ներկայացնում»,-ասել է Գ. Գաբրիելյանցը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ ամենամյա սիմպոզիումի կազմակերպումը նշանակում է, որ արդեն ունենք կայացած ավանդույթ, որն ամեն տարի մշակութային տոն է պարգևում ոչ միայն շուշեցիներին, այլև Արցախ այցելողներին և արցախցիներին:
«Շատ կարևոր է նման միջոցառումները, հատկապես այսօր,
երբ ամենուրեք պատմամշակութային ժառանգության արժեքները, համաշխարհային մշակութային կոթողները թիրախ են դառնում բռնությունների, պատերազմների:
Շատ կարևոր է այսպիսի միջոցառումներով հաստատել, որ պետք է ոչ թե քանդել այլ ստեղծել,
արարել և հավատալ, որ արվեստը կարող է միավորել մարդկանց»,-ասել է Ն. Աղաբալյանը:
Սիմպոզիումին մասնակից-քանդակագործ Մայա Ավագյանը,
ով մեզ հետ զրույցում պատմել է, որ քանդակել է «Ոսկե սկավառակ», որը նշանակում է երաժշտության ծնունդ, լույս:
«Արդեն երկրորդ անգամ մասնակցելով սիմպոզիումին ես ավելի մեծ ինքնավստահություն և ուժ եմ ստանում և ձեռք բերում լավ ընկերներ»,- ասել է քանդակագործը:
Հնդիկ քանդակագործ Կանտա Կիշորե Մոհարալան էլ, ով երկրորդ անգամ է մասնակցում Շուշիում կազմակերպվող սիմպոզիումին ասել է. «Շուշիում առաջին անգամ եղել եմ նաև 2014 թվականին: Իմ քանդակը խորհրդանշում է ջուրը, քանի որ ամբողջ աշխարհում առկա է ջրի խնդիրը և այն պահպանության կարիք ունի: Յուրաքանչյուր կաթիլը մի կյանք է խորհրդանշում: Իմ քանդակում կան նաև լեռներ: Ընդհանրապես խորհրդանշական աշխատանք եմ քանդակել»,- ասել է հնդիկ քանդակագործը:
Գոռ Նադոյանը, ով առաջին անգամ է մասնակցում սիմպոզիումին նշել է, որ ինքն ստեղծել է «Պայքար» անունով քանդակ, որը խորհրդանշում է քամի:
«Քանդակիս միջոցով փորձել եմ խորհրդանշել արցախցու կերպարը, ովքեր որ չար ուժերի միջով անցնելով ցանկանում և ձգտում են հասնել իրենց երազած խաղաղությանը»,- ասել է Գ. Նադոյանը և հավելել, որ սիմպոզիումի ընթացքում ձեռք է բերել արվեստասեր լավ ընկերներ:
Սիմպոզիումի փակման արարողությանը Նարինե Աղաբալյանը մասնակիցներին նվերներ է հանձնել: