Ռուսական կողմը կշարունակի պաշտպանել ռուսաստանցի Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը, որը Բաքվում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Ռուսաստանը կշարունակի պաշտպանել Լապշինի իրավունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից:
«Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ազատազրկման է դատապարտել 3 տարի ժամկետով: Ինչպես հայտնի է, նախկինում Լապշինին առաջադրված մեղադրանքները կապված են Լեռնային Ղարաբաղ նրա այցելության հետ»,- նշել են դեպարտամենտից:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունից հիշեցրել են, որ «այս գործի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցումն արդեն նշվել է՝ մենք դեմ ենք լրագրողների կամ պարզապես մասնավոր անձանց այս կամ այն տարածք, այդ թվում՝ այս կամ այն տարածաշրջան այցելությունների քրեականացմանը»:
«Կշարունակենք ՌԴ քաղաքացու օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության աշխատանքը՝ հաշվի առնելով դատարանի սահմանած դատավճիռը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահպանում Լապշինի եւ նրա փաստաբանի հետ»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: