Հարավային Օսեթիայում ռուս սահմանապահները տեղաշարժ են կատարել, որի նպատակը խորհրդային ժամանակների վարչական սահմանի վերականգնումն է:
Պուտինից Ալիեւն առաջին «նվերը» ստացել է...
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,24 հուլիսի,ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանը 2008թ. -ին ճանաչել է վրացական նախկին ինքնավարության անկախությունը, որի հետ ունի անվտանգության եւ սահմանների համատեղ պահպանության մասին պայմանագիր: Ներկա տեղաշարժը, սակայն, չափազանց խորհրդանշական է այն իմաստով, որ, ինչպես վրացական աղբյուրներին հղելով` գրում է haqqin.az-ը, արդյունքում ռուս-օսական համատեղ պահպանության գոտում է հայտնվել Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատվածը:
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահներն այդ քայլին դիմել են Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո, ինչից կարելի է եզրակացնել, որ բանակցությունների օրակարգում գլխավորը եղել է Ադրբեջանի էներգետիկ նախագծերի հարցը, եւ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:
Արժե նկատել, որ Պուտին-Ալիեւ հանդիպման մասին տեղեկատվությունը հաջորդեց Բաքվում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների միջեւ երկօրյա բանակցություններին, որոնց մասին ինֆորմացիան սուղ էր: Բայց եթե փորձենք վերականգնել իրադարձությունների շղթան, ապա որոշ ընդհանրացումներ կարելի է անել:
Եւ այսպես, մայիսի վերջին օրը Բաքվում էներգետիկ հարցերով համաժողովի հասցեով ստացվեց ԱՄՆ նախագահի ուղերձը, որտեղ նա Ադրբեջանին աջակցություն էր հայտնում «Հարավային գազային միջանցք» նախագծում:Այնուհետեւ Բաքու գործուղվեց պետքարտուղարի էներգետիկայի հարցերով օգնականը, որը բանակցություններ վարեց անմիջապես Ալիեւի հետ, ապա վերջինս շտապեց Ստամբուլ, որտեղ հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնին:
Այդ նախապատրաստական աշխատանքներից հետո կազմակերպվեց Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան` արտգործնախարարների հանդիպում, որից հետո ասվեց, որ աշնանը տեղի կունենա երեք երկրների նախագահների գագաթնաժողով: Հետո, իհրակե, ակնարկվեց, որ Բաքու կմեկնի միայն Էրդողանը:Տպավորությունն այն է, որ խնդիրը «Հարավային գազային միջանցքին» Թուրքմենիայի միանալն առաջ մղելն է: Դրանից անմիջապես հետո Պուտինը Սոչի «հրավիրեց» Ալիեւին, իսկ Հարավային Օսեթիայում ռուս սահմանապահները վերահսկողության տակ առան Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատվածը:
Բավական նկատելի ուրվագծվում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում «Հարավային գազային միջանցքը» դարձել է լրջագույն փորձաքար: Մի կողմից` Ադրբեջանը չի կարող դրանից հրաժարվել, քանի որ տնտեսության եւ սոցիալական բարեփոխումների հույսը մեծագույն մասով դա է, մյուս կողմից էլ Ռուսաստանը չի կարող հանդուրժել, որ գազի եվրոպական շուկայում ունենա Ադրբեջանի նման մրցակից: Մանավանդ, որ եթե հաջողվի ծրագրին մասնակից դարձնել Թուրքմենստանին, ապա հարցը շատ ավելի է բարդանում:
Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատվածն ընդգրկելով Հարավային Օսեթիայի վարչական սահմաններում՝ Ռուսաստանը շատ թափանցիկ ակնարկ է անում Ադրբեջանին:Մոսկվան ունի իր տարբերակը` Թուրքիայի տարածքում միավորել ադրբեջանական եւ ռուսական խողովակաշարերը: Ադրբեջանը, երեւի, մեծ սիրով կհամաձայներ, բայց «Հարավային գազային միջանցքի» ներդրողներն արեւմտյան ընկերություններ են եւ ունեն իրենց քաղաքական նպատակները` գազի եվրոպական շուկայում սահմանափակել Ռուսաստանի մենաշնորհային դիրքերը:
Արեւմուտքին չի հետաքրքրում, թե Ռուսաստանի հետ ինչպես է պայմանավորվելու Ալիեւը: Դա նրա խնդիրն է: Իսկ Պուտինին, երեւում է, չի հուզում, թե արեւմտյան ներդրողների հետ ինչպես է բացատրվելու Ալիեւը: Դա նույնպես նրա խնդիրն է: Պուտինից Ալիեւն առաջին «նվերը» ստացել է...
Վահրամ Աթանեսյան