ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:
ԱՄՆ դեսպանը ողջունել է ՀՀ արդարադատության նախարարության ձեռքբերումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական հարցերի լայն շրջանակ: Նախարարը դեսպանին ներկայացրել է էլեկտրոնային կառավարման գործիքակազմի ներդրման ընթացքն արդարադատության նախարարության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ դատական արխիվի թվայնացման, e-apostille, e-notariat համակարգերի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Ռիչարդ Միլսի ցանկությամբ նախարարն անդրադարձել է նաև նոր հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի՝ այդ ուղղությամբ ներդրված ջանքերին և ակնկալվող արդյունքներին: Հանդիպման ավարտին դեսպան Միլսն իր խոսքում նշել է, որ ժողովրդի կարիքներին սատարող արդարադատության համակարգն անկախ ժողովրդավարության կենսական մասն է, և ողջունելով այդ գործընթացում արդարադատության նախարարության ձեռքբերումները՝ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: