Երևանում հուլիսի 25-ին տեղին ունեցավ վրացական «Ռուսթավի» երգի և պարի ազգային համույթի համերգը՝ նվիրված հայ-վրացական հարաբերությունների 25-ամյակին:
Հայ-վրացական հարաբերությունների 25-ամյակը նշանավորվեց «Ռուսթավի» երգի և պարի ազգային համույթի համերգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի խոսքով՝ այս համերգը Վրաստանի կառավարության կողմից նվեր է Հայաստանի քաղաքացիներին: «Կարծում եմ՝ հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ այս համերգից և դա ամենակարևորն է: Մշակութային ոլորտում մենք պետք է ավելի զարգացնենք մեր հարաբերությունները, որն ավելի կամրապնդի երկու երկրների համագործակցությունը: Սա նաև լավ հնարավորություն է նոր սերունդների համար՝ միմյանց ծանոթանալու, ընկերանալու և շարունակելու այն եղբայրական հարաբերությունները, որոնք այս տարիների ընթացքում կերտել ենք»,- ընդգծեց դեսպանը: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև մշակութային ոլորտում ոչ հաճախակի են նման միջոցառումներ կազմակերպվել, և այժմ փորձ է արվում այդ բացը լրացնել: «Իհարկե, հայ-վրացական քաղաքական, տնտեսական ոլորտում համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, բայց մշակույթը նույնպես շատ կարևոր է, որովհետև ժողովուրդները միմյանց ճանաչում են հենց մշակույթով»,- ասաց Քոչարյանը: