Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի սպանված անդամ Հասան Հասանովը։
Ադրբեջանցի դիվերսանտները դատական նիստին մեղադրել են իրար միմյանց դեմ սուտ ցուցմունքներ տալու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում վերսկսված այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի դատական նիստում ցուցմունք տալու ժամանակ նշել է Դիլհամ Ասկերովը՝ հավելելով, որ ինքը լավ է ճանաչում Շահբազ Գուլիևին և նա ընդունակ չէր նման հանցագործության։ Ամբաստանյալ Դ. Ասկերովն իրեն անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության հանցակից համարելով հանդերձ նշել է, որ այդ սպանության համար մեղքի զգացում ունի։ Նրա խոսքով ինքը 500 մ հեռու էր գտնվել Հասան Հասանովից և Շահբազ Գուլիևից, որոնց հետ եղել է նաև Սմբատ Ցականյանը, իսկ հետո նրանց տեսել է առանց պատանու ուղեկցության։
«Սկզբում տեսա Շ. Գուլիևին, իսկ այնուհետև Հ. Հասանովին, և երբ նրանց հարցրեցի, թե ու՞ր է պատանին, նրանք պատասխանեցին, որ պատանին իրեն վատ էր զգում և գնացել է։ Ես մինչև ձերբակալվելս էլ չեմ իմացել, որ մեզ ուղեկցող պատանին սպանված է»,- մանրամասնեց Դ. Ասկերովը։
Ըստ ամբաստանյալի տեղեկատվության իրենք պատանուն չեն առևանգել, այլ միայն ճանապարհն են հարցրել, իսկ նա էլ քանի որ չէր տիրապետում ռուսերենին ձեռքով էր ցույց տվել Քարվաճառ տանող ճանապարհը, որից հետո Հասանովը տեսախցիկով նկարահանումներ կատարելու նպատակով ուղևորվել էր այնտեղ։
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նա Սմբատ Ցականյանի սպանությունը կապում է Հասանովի ողջ չլինելու հետ, Դ. Ասկերովը պատասխանեց, որ ինքը նախաքննության ժամանակ ցուցմունք տալուց տեղյակ չի եղել Հասանովի ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու պատճառով սպանվելու մասին։
Իսկ երեկ կայացած դատավարության ժամանակ հետախուզա-դիվերսիոն խմբի մյուս անդամ, ամբաստանյալ Շ. Գուլիևի այն ցուցմունքին, որ տեսել էր Դ. Ասկերովին զենքը պատանու վրա պահած, իսկ Հասանովը զենքը կրում էր իր վրա չեզոք դիրքի բերված վիճակում՝ Դ. Ասկերովը սուտ ցուցմունք է համարել։
Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնենք այսօր դատավարության ընթացքում կայացած այլ մանրամասների մասին, իսկ դատական գործը վաղը կշարունակվի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի գլխավորությամբ։