Հուլիսի 7-ին սկսվել են Շուշիի Վերին մզկիթի հոգևոր դպրոցի շենքի վերականգնման աշխատանքները:
Շուշիի Վերին մզկիթի հոգևոր դպրոցի տարածքում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանը:
«Շենքի հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում օրեր առաջ հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան: Դա բացառիկ հայտնագործություն է բերդաքաղաքում, հերթական փաստը, որ հերքում է Ադրբեջանի պնդումները Շուշիի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ: Մեդրեսեի հիմքի ամրակայման աշխատանքների ժամանակ շինարարների կողմից քարեր են նկատվել, որոնք հեռացնելուց հետո հայտնաբերել են կմախք: Աշխատանքներն այդ փուլում դադարեցրել են և այդ մասին տեղեկացրել մեր ծառայությանը: Տեղում վավերացվել է վաղ քրիստոնեական քարարկղային թաղում: Այդ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Նախատեսվում է ամբողջությամբ պեղել թաղումը, իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո այն հնարավոր է ցուցադրվի նույնությամբ»,-մանրամասնել է Ն. Երանյանը: