ԱՀ Մարտակերտի շրջանում այգեգործության զարգացման համար գրեթե բոլոր պայմանները կան: Այս մասին նշել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ համարելով տարածաշրջանը նպաստավոր ու հաշվի առնելով նաև բնակլիմայական պայմաները:
Մարտակերտում նռան այգիներ կտնկվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր խոսքով ուսումնասիրելով միջազգային շուկան՝ հարկ է ընդգծել, որ նռան տարբեր տեսականու մեծ պահանջարկ կա, և մշակված տարածությունները կարելի է ընդլայնել:
ԱՀ գյուղատնտեսության նախարարը նուռը համարեց շահութաբեր, քանի որ նույնիսկ նվազագույն բերքի դեպքում այն ապահովում է մի քանի անգամ բարձր եկամտաբերություն. «Ըստ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի՝ շատ լուրջ տեղ է հատկացվելու այգեգործության զարգացմանը: Նոր հայեցակարգը պատրաստ է, մնում է միայն հաստատվի, որտեղ ուշադրություն ենք դարձվելու պտղաբուծության, հատկապես՝ նշենու, թզի, արքայախնձորի, տանձենու և խնձորի զարգացմանը»,- նշել է Ա. Մխոյանը և հավելել, որ միջինը 20-25 տոննա բերքի դեպքում մի քանի տարի հետո փակվելու են և՛ տեխնոլոգիական, և՛ կաթիլային համակարգի ծախսերը:
Հարցի շուրջ ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գևորգ Վերանյանն ասել է, որ Մարտակերտում կան մեծ քանակի հողեր, որոնք անմշակ են: Ջրի խնդիրը հնարավոր է լուծել կաթիլային ոռոգման միջոցով: Նռան մշակմամբ զբաղվելու համար կան բավական ստորերկրյա ջրերի պաշարներ, որոնք կարելի է մատչելի, փոքր ծախսերով , կաթիլային համակարգի տեղադրմամբ օգտագործել: Իսկ ԱՀ կառավարությունն իր կողմից բազմաթիվ աջակցություններ ցույց կտա, որը կբաժանվի երկու մասի: Նոր այգիներին ավելի մեծ աջակցություն կտրվի՝ 50 տոկոս դրամաշնորհ, 50-ը՝ փոխառություն:
Իսկ արդեն տնկված այգիների համար տրամադրվում է միայն 50 տոկոս փոխառություն: 1 հա-ի հաշվով կախված կաթիլային համակարգի տեսակից տատանվում է մոտավորապես 1 միլիոնից մինչև 1.5 միլիոն դրամի սահմաններում, որի մյուս 50 տոկոսը ներդնում է ֆերմերը կամ գյուղացին: