ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Շուշիում տեղի է ունեցել ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերի համերգային երեկոն՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ:
Շուշիում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգային երեկոն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Երեկոյի ընթացքում Դանիել Դեքերը հայերեն և անգլերեն լեզուներով կատարել է հայկական ժողովրդական երգեր:
Համերգի ընթացքում Դեքերը զուգերգերով հանդես է եկել երգիչներ Լեյլա Սարիբեկյանի, Համլետ Գևորգյանի, Եվա Եգանյանի, Անահիտ Շահբազյանի, Մաշա Մնջոյանի հետ՝ նվագելով նաև դաշնամուր: Միջոցառմանը հնչել է նաև Դանիել Դեքերի «Արաքս» երգի պրեմիերան. խոսքերի հեղինակը Դանիել Դեքերն է, երաժշտությունը Արա Գևորգյանինն է։
Երգիչը նաև բեմից ցուցադրել է իր հայկական անձնագիրը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դանիել Դեքերն ասել է, որ առաջին անգամ է Արցախում:
«Ես անչափ ուրախ ու հպարտ եմ, որ գտնվում եմ Արցախում և երգում եմ արցախցիների համար՝ արժանանալով նման ջերմ ընդունելության: Այստեղ եմ, որ քաջալերեմ արցախցիներին և ցույց տամ, որ մենք միշտ կանգնած ենք ձեր թիկունքում: Հայոց պատմությունն ուսումնասիրելով՝ տեղեկացա սարսափելի իրադարձության՝ Հայոց Ցեղասպանության մասին և որոշեցի, որ ես անպայման երգելու եմ «Ադանա» երգը: Ես հասկանում եմ իմ երգերի իմաստը, և հենց դա է ինձ ստիպում երգել սրտի խորքից: Իհարկե, ես ամենուր խոսում եմ և՛ Ցեղասպանության, և՛ Արցախի խնդրի մասին և կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին, որպեսզի միավորված լինեն»,-ասել է Դ. Դեքերը:
Խոսելով Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվելու մասին՝ երգիչն ասաց, որ այդ հարցում ինքը խնդիր չի տեսնում:
Նորայր Դավթյանն էլ նշել է.«Այս օրերին Արցախում լինելը մեծ խորհուրդ ունի և պատվաբեր է բոլորիս համար: Ամեն անգամ Արցախ գալով՝ օրս տոն է դառնում:
Դանիել Դեքերը հրաշալի է երգում և փայլուն հասկանում է, թե ինչ է երգում՝ արժանանալով շատ ջերմ ընդունելության: Կարծում եմ՝ տաղանդավոր երգչի հետ մեր համագործակցությունը շարունակական կլինի»:
Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, մեզ հետ կիսելով իր տպավորությունները, ասել է.
«Արցախում լինելն ինձ համար միշտ էլ ցանկալի է: Արցախ աշխարհն առանձնահատուկ է, և բոլորը գիտեն, որ իմ սիրտն այստեղ է: Այսօրվա համերգը խորհրդանշական էր այն առումով, որ ես և Դանիել Դեքերն առաջին զուգերգն ենք կատարել: Միշտ էլ հպարտությամբ եմ ասել, որ Արցախի հանդիսատեսն առանձնահատուկ է իր տեսակով, ընդունելությամբ, իր ընկալունակությամբ: Արցախյան բեմից առ այսօր չի հնչել մի այնպիսի երգ, որը հարիր չէ այս սուրբ հողին, և դա քաջալերում է մեզ»:
Համերգից ստացած իր տպավորություններով մեզ հետ կիսվել է «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշյանը:
«Շատ ոգևորված եմ, որովհետև Շուշիում է Հայաստանում մեծ արժեք ներկայացնող երաժշտախմբերից մեկը՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ Նորայր Դավթյանի գլխավորությամբ,-ասել է Զ. Քեշիշյանը և ընդգծել,-աշխարհը պետք է նաև այս ձևով ճանաչի մեզ, որովհետև այն նշանավոր, հանրահայտ մարդիկ, որոնք սիրում են մեզ և հավատում մեր դատին, մեր կողքին են և ուսումնասիրում են մեր պատմությունը, ծանոթանում մեր չքնաղ երկրին և ձգտում մեր ունեցածը ներկայացնել աշխարհին՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ ճանաչողական իմաստներով: Ես կարծում եմ, որ Դանիել Դեքերին կմիանան շատ ու շատ արվեստագետներ»:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստագետներ Արցախից և Հայաստանից, մշակութասեր հասարակություն և այլք: