Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Աբրահամի եւ Խորենի, Կոզմայի եւ Դամիանոսի հիշատակության օրը:
Հայ եկեղեցին նշում է Սուրբ Աբրահամի եւ Խորենի, Կոզմայի եւ Դամիանոսի հիշատակության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Qahana.am-ը գրում է, որ Ս. Աբրահամը եւ Խորենը Ղեւոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրեւ կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին եւ մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը` խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:
Ս. Կոզման եւ Դամիանոսը, ովքեր նաեւ «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել եւ ապրել են երրորդ դարի վերջերում, Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից եւ նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով եւ ձրիաբար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն են ընդունում` գլխատվելով 285 թվականին:
Ս. Աստվածատուրը նահատակվել է պարսից Խոսրով արքայի ժամանակ: Նա պարսից մոգ էր, ով Դենշապուհի հետ գալիս է Հայաստան ու այստեղ տեսնելով Ս. Գրիգորիս Ռաժիկի նահատակությունը՝ հավատում է Քրիստոսին եւ մկրտվում: Նահատակվում է պարսիկների կողմից` թաղվելով Դվինում` Ներսես Բ կաթողիկոսի ձեռքով: