«Զինվորական ծառայությունը օրենսդրական պարտականություն է:
Նախատեսում ենք, որ պարտադիր զինծառայություն կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա. Ա. Զաքարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ճիշտ է՝ զինծառայությունից սահմանված եղանակով ազատվելը ևս օրենքով նախատեսված է, բայց զինծառայությունը եղել է, կա, մնալու է օրենսդրական պարտականություն»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, հայտնում է panorama.am-ը:
Նա նաև նշեց, որ առաջիկա բարեփոխումներով մի փոքր ավելի խստացնելու են, ընդհանրապես նախատեսում են պարտադիր կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա:
«Մենք ինքներս մեր հասարակության արժեքային համակարգում պետք է մի բան շատ կարևորենք նաև ապագայի, մեր երեխաների ապագայի համար. եթե ուզում ենք մեր երեխաները մեր երկրի պետական կառավարման համակարգում, հասարակության մեջ արժեքային բարձր ներգրավածություն ունենան, բնականաբար, զինվորական ծառայությունը պետք է դա էլ ավելի բարձրացնի, էլ ավելի մեծ կշիռ, դերակատարություն տա այն քաղաքացուն, ով իր օրենսդրական, քաղաքացիական պարտքն այդ առումով կատարել է»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: