Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում:

Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է, և այն կարող է լուծվել միայն ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը, մասնավորապես, ասել է. 

«Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման:

Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր  վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը:

1992-1994 թվականների ծանր պատերազմը, դրա հետևանքները և այնուհետև ծավալված բանակցությունները Ադրբեջանի համար որևէ դաս չեղան: Անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Ադրբեջանը շարունակում է հետապնդել Արցախի ժողովրդին բնաջնջելու իր նպատակը:

2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կատարել են պատերազմի մի շարք հանցագործություններ քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հանդեպ: Այստեղ չեմ կարող չնշել, որ նման վայրագություն կատարած մի զինծառայող արժանացավ պետական բարձր պարգևի: Այդ պարգևը նրան տեսախցիկների առջև հանձնեց անձամբ Ադրբեջանի նախագահը:

Հարգելի՛ պարոն նախագահ,


Արդեն տարիներ շարունակ հայատյացությունը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականության հիմնարար և բաղկացուցիչ մաս: Այն խորապես արմատավորվել է դպրոցական դասագրքերում և թունավորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողությունը: Արդեն տարիներ շարունակ այդ մասին ահազանգում են ռասիզմի և այլատյացության հարցերով զբաղվող մի շարք մասնագիտական միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

Այս ամենը մեզ բերում է այն համոզման, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կենսական նշանակություն ունի: Այս հարցում ես արտահայտում եմ ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև ողջ աշխարհի հայության միասնական տեսակետը: Այս ուղերձը ես բերում եմ Երևանից, որտեղ այս օրերին կայանում է  Հայաստան-սփյուռք համաժողովը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ այժմ Ադրբեջանը ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախի համար պարզապես միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է:

Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել, ուստի արդար չեն այդ պետական շրջանակին Արցախը բռնակցելու ձգտումները:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ազատ Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հասարակություն է: Մեր ընդհանուր կարգախոսը և հանձնառությունը՝ «Ոչ ոք չպետք է անտեսվի», պետք է դառնա Միավորված ազգերի այս ընտանիքի գործունեության անկյունաքարը: Հենց այդ պատճառով էլ, վստահ եմ, Արցախի ժողովուրդը երբեք չի մեկուսացվի կայուն զարգացման նպատակների իրականացումից:

Խորապես համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելն Արցախի բնակչության իրավունքների վրա որևէ ազդեցություն չպետք է ունենա։ Խոսքս առաջին հերթին յուրաքանչյուր մարդ էակի համար անօտարելի իրավունքի մասին է: Խոսքս  կյանքի իրավունքի մասին է, հանրային կյանքը կազմակերպելու իրավունքի մասին է, սեփական իշխանությունը ազատ ձևավորելու իրավունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցվելու և բազմաթիվ այլ իրավունքների մասին է։

Հայաստանը հետևողականորեն նպաստել և նպաստելու է Արցախի ժողովրդի կյանքի բարելավմանը, նրա կայուն և ժողովրդավարական զարգացմանը: Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու նշված ուղղություններով իրականացվող նախաձեռնություններին և ծրագրերին: Արցախի իրավական կարգավիճակը, իսկ ավելի ստույգ՝ միջազգային իրավական ճանաչման բացակայությունը, խոչընդոտ չէ այնտեղ ապրող կանանց և տղամարդկանց իրավունքների իրացման համար։

Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ այս բարձր ամբիոնից ես վերահաստատում եմ մեր հանձնառությունն այդ առումով:

Միևնույն ժամանակ, բոլորը պետք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է: Այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով:

Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:

Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական և արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search