Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը եւ Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի եւ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ:
ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կոնգրեսականներին առավոտյան Շուշիում դիմավորել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այնուհետեւ հյուրերը այցելել են Շուշիի արհեստագործական ուսումնարան եւ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:
ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած առանձնազրույցից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում, որտեղ հյուրերին միացել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Րաֆֆի Համբարյանը: Նիստերի մեծ դահլիճում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, հանրային-քաղաքական եւ գիտակրթական ոլորտների պատասխանատուները:
Ներկայացնելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում եւ Հայաստանում մշտապես զգում են Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի աջակցությունը համահայկական նշանակության հարցերում: Խոսելով անցած տարիների համագործակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը կարեւորել է 2006թ-ից ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների կազմակերպումը եւ Արցախի միջազգային ճանաչման հարցում կոնգրեսականների հետեւողական ջանքերը:
«Պատահական չէ, որ հենց ամերիկյան նահանգներից են գալիս Արցախի անկախությունն ու ազատությունը սատարող առաջին ազդակները, որոնք արտահայտվում են նահանգային մակարդակի օրենսդիր մարմինների կողմից ընդունված բանաձեւերի տեսքով: Նման բանաձեւերը ոչ միայն քաջալերում են Արցախի ժողովրդին ազատության համար անհավասար պայքարում, այլեւ մեկ անգամ եւս փաստում են ԱՄՆ-ի հավատարմությունն ազատության բացարձակ գաղափարին»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի եւ Արցախի իշխանությունների միջեւ համագործակցության ձեւավորված ավանդույթներին եւ գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առաջընթացի կապակցությամբ:
ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը շեշտել է, որ իրենց գործունեությունը հիմնականում նպատակ ունի ամերիկյան հասարակությանը հասցնելու Արցախի մասին երեք իրողություն, որ Արցախը իրավական երկիր է, որ այն անկախացել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան եւ ունի արդյունավետ գործող պետական ինստիտուտներ:
Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը եւ, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում եւս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին:
Եզրափակելով հանդիպումը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ ամերիկացի գործընկերների այցը միասնական նպատակին՝ Արցախի միջազգային ներգրավվածությանն ու ճանաչմանն ընդառաջ մի քայլ է, որն արժանի է գոհունակության եւ բարձր գնահատանքի: