Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը եւ Ջիմ Սենսենբրեները:
Պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ միջեւ իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու պետությունների միջեւ ձեւավորված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները եւ ռազմական գերատեսչությունների միջեւ առկա ավանդական գործնական կապերը, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության եւ այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարեւորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների եւ զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում:
Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները եւ պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման ուղղությամբ: