Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մայրաքաղաքի պատկերասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ, կոլաժի վարպետ Մարտիրոս Բադալյանի «Ոչ պատերազմին» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի 94-րդ տարեդարձին:
Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է Մարտիրոս Բադալյանի անհատական ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով ներկայացրել է նկարչի անցած ուղին և նշել, որ վերջին շրջանում արդիական է դարձել պատերազմին առնչվող թեմաներով ցուցահանդեսների կազմակերպումը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոս Բադալյանն ասել է, որ, ապրելով և ստեղծագործելով Երևանում, առաջին անգամ է Արցախում կազմակերպում իր անհատական ցուցահանդեսը: «Իմ արվեստի մեջ ներկայացնում եմ պատկերներ, որտեղ խոսում եմ պատերազմին դեմ լինելու մասին: Իմ աշխատանքներում պատկերված են երեխաներ և մեծահասակներ, ովքեր չեն ցանկանում պատերազմի թոհուբոհով անցնել»,- նշել է արվեստագետը և հավելել, որ ցուցահանդեսին ներկայացրել է 80 աշխատանք::
Նկարիչ, քանդակագործ Ալբերտ Հարությունյանը, խոսելով ցուցահանդեսի մասին, ասել է. «Բավականին ինքնատիպ և հետաքրքիր աշխատանքներ են ներկայացված: Բադալյանի նկարները չեն կրկնվում, և նրանցում շատ ասելիք կա: Կարծում եմ՝ նկարիչը իր ստեղծագործություններում ներկայացրել է իր աշխարհայացքը, իր մտորումները»: