Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ առողջապահության նախարարության և Անէսթեզիոլոգների ու ինտենսիվ թերապևտների հայկական միության կողմից կազմակերպված «Թրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար-դասընթաց:
Ստեփանակերտում «Թրոմբոզների կանխարգելման ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար-դասընթաց է անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Արմեն Չարչյանն ասել է, որ սա երկրորդ այցն է Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց:
«Մեր այցի հիմնական նպատակն է կոնսուլտատիվ, ախտորոշիչ օգնություն ցույց տալ Արցախի բնակիչներին, դրան զուգահեռ իրականացնել վիրահատություններ, ինչպես նաև կատարել ուսումնական և գիտական փորձի փոխանակում»,- նշել է Ա. Չարչյանը և կարևորել այն հանգամանքը, որ Երևանից ժամանած բժիշկները համատեղ աշխատեն Արցախի բժիշկների հետ: Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրենը նշել է նաև, որ այս տարի նախատեսում են իրականացնել 7 վիրահատություն՝ նախորդ այցելության չորսի փոխարեն:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Աշոտ Ամրոյանը նշել է, որ սեմինար-դասըթնացների նպատակն է բարձրացնել բժշկական ծառայության մակարդակը և նվազեցնել հետագա այլ բարդությունների առաջացումը: Նա նշել է, որ այս դասընթացները լինելու են շարունակական, քանի որ հնարավորություն են տալիս ծանոթանալ գիտական ոլորտի նորություններին:
Իսկ Անէսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության նախագահ, Անէսթեզիոլոգիայի եվրոպական միության առցանց քննական միության նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անէսթեզիոլոգ Արմեն Վարոսյանն ասել է, որ սեմինար- դասըթնացի ավարտին մասնակիցները ստանալու են վկայագրեր:
Սեմինար-դասընթացին դասախոսները ներկայացրել են «Թրոմբոզների կանխարգելման հիմունքները մանկաբարձությունում ու գինեկոլոգիայում» և «Թրոմբոզների կանխարգելման հիմունքները վիրաբուժությունում և ինտենսիվ թերապիայում» զեկույցները: