Թուրքիայի Ազգային մեծ ժողովին (ԹԱՄԺ-TBMM) է ներկայացվել վարչապետի որոշումը, որով ևս մեկ տարով երկարաձգվում է Իրաքում և Սիրիայում անդրսահմանային գործողություններ իրականացնելու հետ կապված կառավարությանը տրված իրավունքը:
Թուրքիայի վարչապետը մեկ տարով երկարաձգել է Իրաքում ռազմագործողությունների թույլտվությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը ԹԱՄԺ-ում քվեարկության կդրվի վաղը՝ սեպտեմբերի 23-ին: Թուրքիայի վարչապետի ստորագրությունը կրող որոշման մեջ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում առաջիկայում ակնկալվող հանրաքվեն որակվել է որպես «ազգային անվտանգության սպառնալիք»:
Նշյալ փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն կատարած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մանրամասնել է, որ այն թույլ կտա ռազմական միջամտություն կատարել Թուրքիայի հարավային սահմաններից այն կողմ ցանկացած վտանգավոր զարգացման, որը կարող է սպառնալիք ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 22-ին, տեղական ժամանակով 15:00-ին Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայում ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
Նիստի օրակարգային հարցը կլինի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն: Ավելի ուշ կգումարվի նաև նախարարների խորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն Քուրդիստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները: