Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Հին ու նոր Ստեփանակերտ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը:
Հին ու նոր Ստեփանակերտ. ցուցահանդես` նվիրված մայրաքաղաքի օրվան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացված են հին ու նոր Ստեփանակերտի լուսանկարները: «Նոր լուսանկարների միջոցով փորձել ենք ցույց տալ այս վերջին տարիների ընթացքում կատարված փոփոխությունների, նորակառույց շենքերի, ավելացող ուսումնական հաստատությունների և մշակութային կենտրոնների ուրվագիծը»,- ասել է Ա. Հակոբյանը և կարևորել հատկապես առողջապահական համակարգի նորակառույց շենքերի քանակը:
Ստեփանակերտի փոխքաղաքապետը նշել է, որ հին լուսանկարների մեջ ընդգրկված են դեռևս 1960-ական թվականներից պահպանված արխիվային կադրեր:
«Հին Ստեփանակերտը պատկերող լուսանկարները վերամշակվել են մի քանի տարի առաջ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ»,- ավելացրել է Ա. Հակոբյանը: Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու մեկ շաբաթ: