Հոկտեմբերի 8-ին հանրապետությունում մեծ շուքով նշվելու է գյուղատնտեսության աշխատողի օրը:
Արցախում մեծ շուքով նշվելու է Գյուղատնտեսության աշխատողի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից՝ նշելով, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտյան ժամը 9:00-ից կանցկացվեն մի շարք մշակութային և տոնական միջոցառումներ:
Նշված միջոցառումներին համաժողովրդական բնույթ տալու նպատակով ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը կկազմակերպի նաև գյուղատնտեսական մթերքների և արտադրատեսակների նմուշների ցուցահանդես-տոնավաճառ, ինչի շնորհիվ ցանկացողները կարող են ոչ միայն ծանոթանալ ու համտեսել Արցախի բերքն ու բարիքը, այլ նաև գնել այն շուկայականից ցածր գներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանրապետության բոլոր տնտեսավարող սուբյեկտներին և անհատներին հնարավորություն է ընձեռվում իրենց մթերքն ու արտադրանքը ցուցադրելու և վաճառելու:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ցանկացողները կարող են հայտ ներկայացնել համապատասխան շրջվարչակազմի գյուղատնտեսության բաժին կամ դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն:
Նշենք, որ լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել (047)94-49-45 հեռախոսահամարով: