Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։
Արցախի ԱԳ նախարարը Կալիֆորնիա նահանգի պատգամավորների հետ քննարկել է Արցախի ճանաչման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ի հաղորդմամբ, ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի եւ Սենատի համատեղ բանաձեւի ընդունման կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարեւոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում։
Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին լավ հիմք է ստեղծվել Արցախի եւ Կալիֆորնիայի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման համար եւ հասունացել է փոխգործակցությանը գործնական բնույթ հաղորդելու ժամանակը։ Այդ համատեքստում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները։
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է խաղաղ գործընթացի առաջ մղման եւ նրա անշրջելիության ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։