Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի օժանդակությամբ, «Բաց դռների օր» միջոցառման ծրագրի շրջանակներում, արտասհմանյան մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում շարունակում են իրականացնել քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ՝ անհրաժեշտության դեպքում կատարելով նաև վիրահատական միջամտություններ:
«Արևիկ» մանկական հիվանդանոցը համալրվել է նոր սարքավորումով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ իրենց խմբում ներգրավված բժիշկները չորսօրյա այցով են գտնվում Արցախում: «Մեզ համար մեծ պատիվ է հերթական անգամ լինել այստեղ:
Մենք բերել ենք ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի հայկական համայնքի ջանքներով և հավաքագրած գումարներով ձեռք բերված բժշկական այնպիսի նոր սարքավորումներ, որոնց անհրաժեշտությունն Արցախում խիստ զգացվում է:
Մեր պատվիրակության մեջ ներգրավված բժիշկներից ոմանք արդեն երկրորդ անգամ են Արցախում. նրանք փորձում են արցախցի ժողովրդին օժանդակելու գործընթացը շարունակական դարձնել: Մենք այստեղ ենք անձամբ ծանոթանանք Արցախի առողջապահական համակարգի խնդիրներին և փորձենք հնարավորինս դրանց տալ լուծումներ»,-մասնավորապես ասել է Պ. Աբգարյանը:
«Արևիկ» մանկական հիվանդանոցը Ֆրեզնոյի հայկական համայնքի կողմից նվեր է ստացել աուդիոմետր (լսաչափ) սարք:
Կենտրոնի գլխավոր տնօրեն Մեսրոպ Մարգարյանի տեղեկացմամբ՝ լսողության ստուգման նոր սարքի միջոցով կկատարվեն հետազոտություններ:
«Ուրախալի է, որ այլևս արցախցի փոքրիկները և նախազորակոչիկները կարիք չեն ունենա մեկնելու Երևան»,-ասել է Մ. Մարգարյանը:
Նշենք, նաև որ Ֆրեզնոյից ժամանած բժիշկները «Արևիկ» մանկական հիվանդանոցում կատարել են նաև 2 տարեկան երեխայի հիշպրունգի հիվանդության բարդ վիրահատություն, որն Արցախում առաջին անգամ է իրականցվել: