Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբաղա փողոցը վերանվանվել է ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով։
Ստամբուլում հայտնի հայ լուսանկարչի անունով փողոց է վերանվանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի քաղաքային խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշել է Թոսբաղա փողոն անվանել Արա Գյուլերի անունով։
Արա Գյուլերը երկար ժամանակ ապրել է Թոսբաղա փողոցում։ Նույն փողոցում է գտնվում նաեւ Արա Գյուլերի արվեստանոցը։
Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: