Մեր պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը եւ անվտանգությունը:
Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով. Նախագահ Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրավիրված ընդլայնված խորհրդակցությանը ասել է հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
«Այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:
Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ»,- ասել է հանրապետության նախագահը: Բակո Սահակյանի խոսքով՝ բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը:
«Մենք երբեք ագրեսոր չենք եղել եւ չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար:
Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը»,- նշել է Բ. Սահակյանը: