Գերմանիայում գործող «Այլ որոշում» («Другое решение») հրատարակչությունը տպագրել է արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Կյանքի ծարավը» (Жажда жизни) ռուսալեզու գիրքը, որում տեղ են գտել հեղինակի տարբեր տարիների գրված վիպակներն ու պատմվածքները:
Գերմանիայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի գիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Բեգլարյանն ասել է, որ գրքում հիմնականում պատմվում է հայրենի երկրում տեղի ունեցած և շարունակվող պատերազմի մասին:
«Ստեղծագործությունների սյուժեներն իրական են. դրանց մեջ բազմակողմանիորեն ներկայացվում են պատերազմի և հետպատերազմյան տարիների իրադարձությունները: Ես չեմ սահմանափակվում միայն դեպքերի արտաքին նկարագրությամբ. աշխատում եմ խորապես թափանցել իմ հերոսների ներաշխարհը: Մասնակիցը լինելով հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ գեղարվեստորեն ընդհանրացրել եմ իրադարձությունները, պատերազմը ներկայացրել հոգեբանական և սոցիալական տեսանկյուններից` ստեղծելով կյանքից վերցրած տիպական կերպարներ: Իմ հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և այլ չար դրսևորումների դեմ. նրանք նույնիսկ մարտահրավեր են նետում ճակատագրին»,-ասել է Ա. Բեգլարյանը:
Ըստ Ա. Բեգլարյանի՝ գրքում տեղ են գտել նաև փիլիսոփայական պատմվածքներ:
Նշենք, որ Աշոտ Բեգլարյանը Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի գրողների միությունների անդամ է, գրքերի հեղինակ, մի շարք լրագրողական և գրական միջազգային մրցանակների դափնեկիր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով, տպագրվել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսիայում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: