Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի մեծ բարերարներ, Արգենտինայում ՀՀ դեսպանության շենքի նվիրատուներ Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահի բացման արարողությունը:
Արգենտինայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել բարերարներ Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահի բացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ դեսպանության առաջին հարկում գտնվող Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների անվան սրահը ծառայելու է բազմազան միջոցառումների կազմակերպման համար, մասնավորապես՝ հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կարևոր նշանակություն ունեցող թեմաների վերաբերյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, մամուլի ասուլիսներ, հեռուստակոնֆերանսներ և այլ նպատակների համար:
Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Խոսե Ուրետան, օրենսդիրներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ազգային բարերարներ, արվեստի գործիչներ և այլք: Սրահի բացումը զուգորդվել է արգենտինացի հայազգի հանրաճանաչ նկարիչ Խորխե Դեմիրճյանի ցուցահանդեսով: Սրահի բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով, ներկայացնելով Ադրիանա և Էդուարդո Սեֆերյանների կյանքի պատմությունը և նրանց վաստակը հայ ժողովրդի առջև, շնորհակալություն է հայտնել Սեֆերյան ընտանիքին, ինչպես նաև բոլոր այն բարերարներին, ովքեր մշտապես իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայրենիքին: Այնուհետև, ելույթով հանդես են եկել Խորխե Վարդպարոնյանը և արվեստագետ Խորխե Դեմիրճյանը: