Լոբբիզմը ներկայիս քաղաքական մշակույթի կարևոր մասն է, սակայն խնդիր է՝ այն օրինական է, թե կոռուպցիոն:
Ադրբեջանը կեղծ խաղաղարարության երկրորդ փորձն է անում. Արմեն Աշոտյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԺ-ում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով միջազգային կառույցներում Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումներին:
«Մենք պետք է Եվրախորհրդարանի հետ առնչվող աշխատանքներում պրոֆիլակտիկ զգույշ լինենք՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի դառը փորձը: Ադրբեջանական կողմը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, Խաղաղության պլատֆորմ նախագիծը: Առաջին պլատֆորմի անփառունակ տապալումից հետո սա երկրորդ փորձն է՝ կեղծ խաղաղարարության և կեղծ միջոցներով վստահության վերականգնման: Մեզ վստահության վերականգնման մթնոլորտ, իհարկե, պետք է, սակայն հասարակական երկխոսությունը չի կարող լինել իմիտացիոն և ադրբեջանական քարոզչության տրամաբանության մեջ»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշեց բանախոսը:
Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանն իր հերթին նկատեց, որ հայկական պատվիրակության էթիկան մշտապես գնահատվել է եվրոպական կառույցների կողմից, և խոսքը ոչ այնքան ադրբեջանական կողմի վրա նախահարձակ լինելու մեջ է, այլ շրջահայացության:
Ասուլիսին ներկա պատվիրակության մեկ այլ անդամ Արմենուհի Կյուրեղյանն էլ նշեց, որ Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բավական ակտիվ է աշխատել, պատվիրակության բազմաթիվ առաջարկություններ են ընդունվել, մինչդեռ ադրբեջանական պատվիրակության կողմից որևէ առաջարկ նիստում այդպես էլ չի ընդունվել:
«Ելք» խմբակցության պատգամավոր, պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ ադրբեջանական կողմը եվրոպական կառույցներում շատ ակտիվ է աշխատում և նման հարթակներումում նրան ազատ թողնելը մեծապես վտանգում է Հայաստանի Հանրապետության շահերը: Պատգամավորը նշեց՝ մասնավորապես Եվրանեսթ ԽՎ-ում զրույցներից պարզ էր դառնում, որ շատերը դիրքավորվել են ադրբեջանական տեսակետների ներքո։
«Անհրաժեշտ է, որ մեր պատվիրակությունները մասնակցեն նման միջազգային հարթակներում տեղի ունեցող միջոցառումների՝ մեր դիրքորոշումը ներկայացնելու եվրոպական հանրությանը»,- նշեց Մանե Թանդիլյանը: