Մոսկվայի Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին բացվել է Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Հայրենականի հերոսների սխրագործությունը։ Հաղթանակի թանգարանում բրոնզե քանդակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՆ Ն.Ա.Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախմբի կատարմամբ (ղեկ․՝ Ալեքսեյ Կարաբանով): Թանգարանի Փառքի սրահում կայացավ նաև «Հաղթանակի ճանապարհ» լուսաձայնային ինստալյացիայի ցուցադրությունը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հիմնական իրադարձություններին: Հաղթանակի թանգարանում Հ.Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են՝ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը»: