Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային շրջայց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թևի մի շարք բնակավայրերում՝ մասնակցելով դպրոցական շենքի բացման արարողության, ինչպես նաև՝ ծանոթանալով բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:
Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում ծանոթացել է բնակարանաշինական խոշոր ծրագրերի ընթացքին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Ա. Հարությունյանը, նախ, Մուշ համայնքում մասնակցել է նորակառույց դպրոցական շենքի բացման արարողությանը, որտեղ սովորում են նաև հարևան Ալաշկերտ համայնքի երեխաները: «Հայրենասեր» կազմակերպության նախաձեռնությամբ կառուցված դպրոցում, որը կրում է ապրիլյան պատերազմում նահատակված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը, սովորում է շուրջ 50 աշակերտ:
Ա. Հարությունյանը իր խոսքում շնորհակալություն է հայտնել բարերարներին և «Հայրենասեր» կազմակերպությանը՝ ծրագրի իրականացման համար՝ կարևորելով բարեգործական նման նախաձեռնությունների դերն Արցախի զարգացման և մատաղ սերնդի դաստիարակության գործում:
«Կարծում եմ՝ պատահական չէ, որ դպրոցն այսուհետ կրելու է մերօրյա հերոսներից Արմենակ Ուրֆանյանի անունը: Այն յուրօրինակ ուղերձ է առաջին հերթին դպրոցի ուսուցչական կազմին և, ընդհանրապես, բոլոր մեր հայրենակիցներին, որ մեր հերոսների հիշատակը պետք է հարգենք առաջին հերթին նրանց օրինակով մեր երեխաներին դաստիարակելով»,- ասել է պետնախարարը:
Ա. Հարությունյանը այնուհետև մեկնել է Միջնավան քաղաք և տեղում ծանոթացել պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով հայրենադարձ ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքի, ինչպես նաև՝ արդեն ավարտման փուլում գտնվող բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնի ու դպրոցի մարզադահլիճի շինաշխատանքներին: Ա. Հարությունյանը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի և Միջնավանի քաղաքապետի հետ նաև քննարկել է քաղաքի առկա բնակֆոնդի վերակառուցման մի շարք ծրագրեր:
Պետնախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կրկին պետական և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերջերս շահագործման հանձնված 11 առանձնատների կողքին կառուցվող 15 բնակարանների շինարարության ընթացքին, որոնց շահագործումից հետո նախատեսվում է կառուցել ևս մի քանի տասնյակ նոր առանձնատուն: Ա. Հարությունյանը նշել է, որ վերջին տասը տարիներին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության արդյունքում, լավ հիմք է ստեղծվել հայրենադարձության լայնածավալ ծրագիր իրականացնելու համար, քանի որ բնակչության կենսապահովման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այցի ընթացքում Ա. Հարությունյանը ներկա է գտնվել Իշխանաձորի դպրոցում գործող՝ Բերձորի արվեստի դպրոցի մասնաճյուղի սաների մասնակցությամբ կայացած մշակութային միջոցառմանը, ծանոթացել է «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով համայնքում կառուցված արհեստական խոտածածկով նոր մարզադաշտի պայմաններին և մասնակցել է նորակառույց թաղամասում իրականացված ծառատունկին: