«Եկել եմ, որպեսզի այն, ինչով ժամանակին հայտնի էր Շուշին, նորից վերադարձնեմ իրական տիրոջը: Շուշին հին հայկական մշակութային քաղաքներից է և մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է նրան վերադարձնել իր երբեմնի փառքը»:
Քամանչայի վարպետը գուսանական երաժշտություն է ուսուցանում շուշեցի երեխաներին (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպես սկսեց իր խոսքը վերջերս Արցախում հաստատված քամանչահար Հակոբ Խալաթյանը՝ պատմելով իր անցած ուղու և Երևանից Շուշի տեղափոխվելու հիմնական նպատակների մասին:
«Նվագում եմ 13 տարեկանից: Դեռ այն ժամանակվանից մեծ հակում ունեի դեպի երաժշտությունը: Քույրս քանոնահարուհի էր, իսկ ես դհոլ էի նվագում Մարտին Խաչատրյանի խմբում, ով դասավանդում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, և հենց այդ մարդու ակտիվ ներգործությամբ էլ պայմանավորվեց իմ հետագա ճակատագիրը»,- ասել է Հ. Խալաթյանը:
Խոսելով Արցախում ծավալած աշխատանքի մասին՝ արվեստագետը նշել է, որ դասավանդում է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցներում, ինչպես նաև մայրաքաղաքի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում ու ճշգրիտ երաժշտությունն է ուսանում մատաղ սերնդին: Դասերը կազմակերպում է իր պատրաստած քամանչայով, և աշակերտներին երաժշտությունից զատ, սովորեցնում է նաև գործիքը պատրաստել:
Մեր զրուցակիցն իր խոսքում կոչ արեց բոլոր հայ արվեստագետներին հաճախ այցելել Արցախ և իրենց հմտությունները փոխանցել տեղի երիտասարդներին: