Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին տեղադրվել է խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Քյոլնում Ցեղասպանության զոհերի հուշարձան է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաչքարն օծվել է Գերմանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ: Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով:
Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաներ մեկնեցին Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը, Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն և Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը:
Ելույթ ունեցողները կարևորեցին խաչքարի տեղադրումը և նշեցին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է: