Իսպանական Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 23-ին կանցկացվի 7-րդ տուրը:
ՖԻԴԵ-ի «Գրան պրի». Լեւոն Արոնյան vs Ռիչարդ Ռապորտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին:
6-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռապորտը 3.5 միավորով բաժանում է 2-9-րդ տեղերը:
Նախորդ 6 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, չինացի Դին Լիրենի ու ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոյի եւ Պյոտր Սվիդլերի հետ:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էրնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա):
Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը: