Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նոյեմբերի 21-ին «ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Վարշավայի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնում:
ՀՀ դեսպանը Վարշավայի համալսարանում ներկայացրել է Արցախի հիմնախնդրի պատմությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Դասախոսության ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի մասնակցությանը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանը և այլն: Դեսպան Ղազարյան խոսեց նաև Հայոց ցեղասպանության և դրա միջազգային ճանաչման գործընթացի մասին՝ այս համատեքստում ընդգծելով նաև Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը և դրա կարևորությունը: Առանձին անդրադարձ կատարվեց նաև հայ-լեհական փոխհարաբերություններին, Հայաստանի և Լեհաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը` նշելով, որ տարեցտարի Լեհաստանում մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և բազմաթիվ լեհ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան մեր երկրի պատմությանը և հարուստ մշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով: Այնուհետև դեսպան Ղազարյանը պատասխանեց ներկաների հարցերին: