Ստամբուլի օդանավակայանում հոկտեմբերի 19–ին ձերբակալված «Անատոլիայի մշակույթ» ՀԿ–ի նախագահ, գործարար Օսման Քավալայի համար 55 մտավորականների ստորագրութմաբ նամակ է ուղարկվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Օսման Քավալայի համար 55 մտավորականների ստորագրությամբ նամակ է ուղարկվել Էրդողանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, նախագահ Էրդողանին ուղարկված նամակի մեջ թուրք եւ արտասահմանցի մտավորականները շեշտել են, որ Օսման Քավալան մեդիայի միջոցով թիրախավորվել եւ ձերբակալվել է, հայտնում է News.am-ը։
Նշվել է, որ Օսման Քավալան հարգելի գործարար եւ մշակույթային գործիչ է, ով կարողացել է Թուրքիայի էթնիկ խմբերի միջեւ խաղաղության կամուրջներ ստեղծել։ Նամակի հեղինակները Էրդողանից պահանջել են ազատ արձակել Օսման Քավալային։
Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։
Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։
Օսման Քավալային մեղադրանք է առաջադրվել հեղաշրջման փորձի գործի շրջանակներում։