ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը բավարար ու գոհացուցիչ է գնահատում Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի անցկացրած զորավարժությունները:
Արցախում համահավաք զորախմբի զորավարժությունների արդյունքները բավարար են և գոհացուցիչ. Մովսես Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը նշել է, որ զորավարժությունները փաստեցին՝ տեխնիկան մարտունակ վիճակում է, անձնակազմը պատրաստ է կրակ վարելու: «Հրամանատարները կարողանում են արագ որոշումներ կայացնել ու իրենց որոշումները իրականություն դարձնել»,-ասել է նա։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ ռազմավարությունը պաշտպանողական էր, բայց պաշտպանողական օպերացիան իր մեջ ներառում է նաև հարձակողական ու հակահարձակողական օպերացիա։ «Հակառակորդին միայն պաշտպանությունով չես կարող ամբողջությամբ ջախջախել, այն հակառակորդին, որը կփորձի հատել Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության սահմանը: Արցախին ու Հայաստանին լավ պատրաստված զինվորներ պետք են, բայց գերագույն խնդիրը ներդաշնակ ստորաբաժանում ունենալն է»,- ընդգծել է Հակոբյանը:
Զորավարժությանը ներկա էին ԱՀ եւ ՀՀ նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը, ԱՀ և ՀՀ պաշտպանության նախարարներ Լևոն Մնացականյանը եւ Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմի ներկայացուցիչները: