Սպիտակի աղետալի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին:
Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամաբ՝ հուշահամալիր են այցելել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք, մտավորականներ, տարբեր գերատեսչությունների, կազմակերպությունների և կրթական հաստատությունների կոլեկտիվներ, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ աղետալի երկրաշարժի զոհերին նվիրված՝ տեղի է ունեցել ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն:
Նշենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժն ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Պաշտոնական տվյալներով՝ աղետալի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել` 20 մեծ ու փոքր քաղաքներ, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Տուժել է մոտ 350 գյուղ, որից 58-ը՝ ամբողջությամբ: