Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունները վերջնական չեղարկելու մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը։
Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է արձանագրությունները չեղարկելու Երեւանի որոշմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իբր Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե Թուրքիան չի կատարում արձանագրություններով ստանձնած պարտականությունները, միջազգային հանրության մոլորեցնելու փորձ է։
Հայտարարության մեջ զարմանալիորեն պնդում է արվում, թե իբր Հայաստանն է առկախել արձանագրությունները, իսկ Թուրքիան հավատարիմ է արձանագրություններում առկա պարտավորություններին:
Զավեշտալի է նաեւ, որ սրանով հանդերձ Թուրքիայի ԱԳՆ-ն նույն հայտարարության մեջ կրկին արձանագրությունների իրականացումը կապել է Արցախի խնդրի լուծման հետ։
Հայտարարության մեջ պարզ է դարձել, որ Թուրքիայում կրկին շատ ծանր են տարել Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերը՝ Հայոց ցեղասպանության հետ կապված։ Մասնավորապես, հայտարարության մեջ կրկին փորձում են ժխտել Հայոց ցեղասպանության փաստը՝ պնդելով, թե իբր Հայաստանը այն բանեցնում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։
Նշենք, որ Հունաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Թուրքիան առ այսօր ոչինչ չի արել հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու ուղղությամբ ավելին անհիմն նախապայմաններ է առաջ քաշել, ուստի Հայաստանը 2018-ի գարունը կդիմավորի առանց այդ արձանագրությունների։