2018 թվականին Հայաստանի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակն է լրանում, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակն է, Արցախյան շարժման 30-ամյակն է և այս տոնական տարում մեր զգոնությունը պետք է ավելի բարձր լինի, քանի որ, լավ ճանաչելով մեր հակառակորդին, հասկանում ենք, որ տարբեր պրովոկացիաների կարող է դիմել:
2018թ-ին պետք է ավելի զգոն լինել՝ ՀՀ-ի 100-ամյակն է, արհեստական Ադրբեջանի առաջացման 100-ամյակը, արցախյան շարժման 30-ամյակը. Դավիթ Բաբայան (Tert.am)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ավելի զգոն պետք է լինենք, թեև չի բացառվում, որ հանգիստ լինի, բայց սրանք այն տարեդարձերն են, որոնց ընթացքում Ադրբեջանում նյարդերը շիկանում են, սկսում են կենացներ խոսել, մուղամներ նվագել»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանն ասաց, որ ընդհանրապես Ադրբեջանը ակտիվանում է տոն օրերի ժամանակահատվածում: «Նոր տարվա նախաշեմին փորձում են մի վատ բան, ահաբեկչական գործողություն անել և մեր զգոնության մակարդակը ավելի բարձր է լինում»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որում Նախագահն ասել է, որ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել, Արցախի Նախագահի մամուլի քարտուղարն նշեց, որ Նախագահի մեսիջն այն է, որ խաղաղ գործընթացը պետք է շարունակվի: «Կարծում եմ, որ նախագահի խոսքը բավականին համարժեք էր, զուսպ էր, առանց որևէ աղմուկի, այն, ինչ մենք միշտ ասում և վերահաստատում ենք»,- ասաց նա:
Բաբայանը ևս մեկ անգամ շեշտեց. «Այո՛, մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորման, բայց դա չի նշանակում ի վիճակի չենք, կամ պատրաստակամ չենք մեր անկախությունը ու անվտանգությունը և արժանապատվությունը պահպանել և պաշտպանել: Բանակցությունների ակտիվությունը այնպիսին պետք է լինի, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես, վերահսկողական մեխանիզմները գործարկվեն, որը թույլ չի տա զինադադարի ռեժիմի խախտումներ: Այս առումով պետք է ավելի ինտենսիվացնել, բայց պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, տապալում է: Սա նաև հաղորդագրություն է միջազգային հանրությանն ուղղված` ավելի հասցեական, ավելի ճշգրիտ լինելու և միգուցե նաև կոշտ քայլեր ձեռնարկելու այս ամենը իրականություն դարձնելու համար»,-ասաց նա:
Բաբայանը նշեց, որ հանդիպումները կարևոր են, քանի որ դա շարունակականություն է ապահովում, և հրաժարվել հանդիպումներից ճիշտ չէ, ինչը կնշանակի բանակցային հանդիպումների սառեցում և փակուղի:
Ըստ նրա` Նախագահի դիրքորոշման մեջ չի կարող որևէ կետ լինել, որը կվնասի Արցախի Հանրապետությանը և մեր ապագային, քանի որ Արցախի ապագայից է կախված նաև համայն հայության ապագան: «Արցախը չի պատկանելու Ադրբեջանին, և անկախության ճանաչման հետ մեկտեղ նաև մեր անվտանգության համակարգն է ամենակենսականը, քանի որ, եթե նույնիսկ լինի ճանաչում լինի, բայց չլինի համարժեք անվտանգության համակարգ, ապա այդ ճանաչումը հօդս է ցնդում»,-ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։