Ռուսաստանում պաշտոնապես սկսվել է նախընտրական արշավը:
Ռուսաստանում մեկնարկեց նախընտրական արշավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունների օր է նշանակել 2018 թ. մարտի 18-ը: Նախագահական ընտրություններին ընդառաջ՝ թեկնածուներին 90 օր է տրված՝ փաստաթղթային հարցերը լուծելու և ընտրողների վստահությունն ու քվեն վաստակելու համար:
Դաշնային բյուջեից նախագահական ընտրությունների անցկացման համար հատկացվել է 14,9 միլիարդ ռուբլի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պատրաստ է ընտրություններին:
Նախընտրական արշավին մասնակցելու մասին արդեն 23 թեկնածու է հայտարարել, նրանց թվում՝ նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ինքնառաջադրվելու է: Կուսակցություններն արդեն նշանակել են համագումարների օրերը:
Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին արված հարցումները ցույց են տվել, որ վստահության ամենաբարձր տոկոս ունեցող քաղաքական գործիչ է մնում նախագահ Վլադիմիր Պուտինը, ում վստահում են հարցվածների 53 տոկոսը, 82,4 տոկոսը նրա գործունեությունից գոհ են:
Վլադիմիր Ժիրինովսկուն վստահում է հարցվածների 11,2 տոկոսը, Գենադի Զյուգանովին՝ 6,3 %, Սերգեյ Միրոնովին՝ 2,3 %, իսկ Քսենյա Սոբչակին՝ 0,2 տոկոսը: Անվստահության ամենաբարձր տոկոսն ունի Ժիրինովսկին, ընդ որում՝ նրա նկատմամբ ռուսաստանցիների անվստահությունը նոյեմբերին բարձրացել է: