«Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են տարվում Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան N9 հիմնական դպրոցի երրորդ մասնաշենքում:
Վերակառուցվում է Ստեփանակերտի N9 հիմնական դպրոցի երրորդ մասնաշենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կապալառու «Խաչեն» շինարարական ՓԲ ընկերության տնօրեն Արարատ Զաքարյանն ասել է, որ շինարարաության առաջին փուլով՝ 2015 թվականի սեպտեմբերից, սկսվել է երեք մասնաշենք ունեցող դպրոցի 2 հատվածի վերակառուցման աշխատանքները:
«Ներկայումս իրականացվել են 2 մասնաշենքերի պատերի ամրացման, նոր տանիքների կառուցման, հատակների, առաստաղների, դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ, ինչպես նաև կառուցվել՝ նոր կաթսայատուն: Դպրոցն ամբողջությամբ վերազինվել է նոր գույքով. այն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից պահանջներին: Բարեկարգվել է նաև դպրոցի բակը: Կրթօջախի վերանորոգված 2 մասնաշենքերը շահագործման են հանձնվել 2017 թվականի սեպտեմբերին»,-մանրամասնել է Ա. Զաքարյանը:
Խոսելով դպրոցի երրորդ մասնաշենքում կատարվող աշխատանքների մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ շենքի կապիտալ վերանորոգումն ընթացքի մեջ է:
«Արդեն կառուցել ենք նոր տանիք, ամրացրել շենքի պատերը. այժմ ընթանում են շենքի հարդարման աշխատանքներ: Այդ աշխատանքներին զուգահեռ դպրոցի բակում կառուցվում է նաև 750քառ./մ մակերեսով մարզահրապարակ»,-ավելացրել է Ա. Զաքարյանը:
Շինարարական ընկերության պատասխանատուն նաև հավաստել է, որ մասնաշենքը և մարզահրապարակը նախատեսված է շահագործման հանձնել 2018 թվականի սեպտեմբերին: