Լեհաստանի կառավարությունը կարող է միջոցներ ձեռնարկել Եվրամիությունից դուրս գալու համար, եթե երկիրը դադարի ֆինանսավորում ստանալ կազմակերպությունից:
Լեհաստանը կարող է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնել. Տուսկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Telegraph-ը:
Տուսկի կարծիքով՝ իշխող «Իրավունքը եւ արդարադատություն» կուսակցության համար երկրի՝ Եվրամիությանն անդամակցության օգուտը ստացվող ֆինանսական միջոցներն են, ընդ որում, Լեհաստանի համար այնպիսի առավելությունները, ինչպիսիք են ընդհանուր շուկան, իրավական ռեժիմը եւ երաշխավորված անվտանգությունը, կարեւոր չեն, փոխանցում է news.am-ը:
Նա մանրամասնել է, որ մինչ Վարշավան ֆինանսավորում է ստանում ԵՄ-ից, երկրի իշխանությունների համար ԵՄ-ի կազմում մնալը արդարացված է: «Ես հեշտությամբ կարող եմ պատկերացնել իրավիճակ, երբ Լեհաստանը կլինի գումարներ ներդնող երկրների շարքում, եւ այդ ժամանակ Լեհաստանի կառավարությունը կորոշի, որ ժամանակն է քաղաքացիներին հարցնել՝ արդյո՞ք նրանք ցանկանում են տեսնել իրենց երկիրը ԵՄ-ում: Ապա իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի համոզեն լեհերին, որ ժամանակն է հրաժեշտ տալ ԵՄ անդամակցությանը»,- մեջբերում է պարբերականը Տուսկին:
Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովը արդեն երկու տարի է քննադատում է Վարշավայի կողմից իրականացվող դատական բարեփոխումները: ԵՀ-ն գտնում է, որ բարեփոխումների շրջանակներում ընդունված 13 օրենքները խախտում են օրենքի գերակայության սկզբունքը եւ քաղաքական իշխանությանը դատականի նկատմամբ վերահսկողության հնարավորություն են ընձեռում: