Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել վերջ տալ «կաթվածին», որը հանգեցրել է հակամարտությունների «սառեցմանը» Եվրոպայում:
Ղարաբաղյան, ուկրաինական եւ մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորումը կդառնա ՄԱԿ-ի առաջնահերթությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջեւ՝ Գուտերեշը ներկայացրել է 2018 թվականի աշխատանքի 12 հիմնական ուղղությունները, փոխանցում է Deutsche Welle-ն: Հիմնական խնդիրների շարքում, որոնք պետք է ՄԱԿ-ը լուծի, Գուտերեշը նշել է Մերձավոր Արեւելքում հակամարտությունների կարգավորումն ու Եվրոպայում «սառեցված» հակամարտությունները, ասվում է ՄԱԿ-ի կայքէջում հունվարի 16-ին հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում է News.am-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Եվրոպայում առկա հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է «դիմակայել ազգայնականության վտանգավոր ալիքին» եւ վերակենդանացնել միջնորդական նախաձեռնությունների աշխատանքը: Ինչպես նշել է ՄԱԿ-ի ղեկավարը, խոսքը նորմանդական ձեւաչափի եւ Արեւելյան Ուկրաինայի եռակողմ կոնտակտային խմբի մասին է: Նա նաեւ հիշատակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ Ժնեւի միջազգային քննարկումները եւ Մերձդնեստրի հակամարտության «5+2» գործընթացը:
Գուտերեշն ընդգծել է, որ խնդիրների լուծման համար, որոնց թվում են ահաբեկչության դեմ պայքարն ու կլիմայի փոփոխությունը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունը, մեծ ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն: Նա կոչ է արել երկրներին կատարել զարգացման ֆինանսավորման ոլորտում ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ մեխանիզմներ մշակել, որոնք թույլ չեն տա խուսափել հարկերից, զբաղվել փողերի լվացմամբ եւ անօրինական կապիտալի կուտակմամբ: