2018 թվականի հունվարին ուժի մեջ մտած ԵՏՄ ընդհանուր մաքսային օրենսգիրքը հունվարի 1-ից Հայաստան ներկրվող շուրջ 226 ապրանքատեսակների համար փոխել է մաքսային դրույքաչափերը, որոնցից 17 անուն գյուղատնտեսական ապրանքատեսակների համար, 2017 թվականի համեմատ, գները նվազել են 2,5%-ով, իսկ մնացած ապրանքատեսակների համար՝ աճել 1-4%-ով:
Տեղական ապրանքների գնաճ չի արձանագրվել. «Արցախպրես»-ի ուսումնասիրությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանը՝ ավելացնելով, որ հաշվի առնելով, որ ապրանքների ներկրումն Արցախ ամբողջությամբ կատարվում է ՀՀ մաքսատների միջոցով, բնականաբար, այդ դրույքաչափերի բարձրացումը կատարվել է նաև Արցախում:
«Լայն սպառման մթերքներից մաքսային դրույքաչափը աճել է. մասնավորապես թռչնամիսը՝ 4%-ով, կաթը և սերուցքը՝ 1%-ով, կարագը՝ 1-2%-ով, ձեթը (արևածաղկի, քրքումի կամ բամբակի յուղ եւ դրանց զտամասերը` չռաֆինացված կամ ռաֆինացված)` 2%-ով, պատրաստի կամ պահածոյացված ձուկ. թառափազգիների ձկնկիթ եւ դրա փոխարինիչները՝ 2-3%-ով, որոշ դեղամիջոցներ՝ 2%-ով, մազերի խնամքի և ատամների հիգիենայի միջոցները՝ 2-ական %-ի չափով»,- նշել է Բ. Պետրոսյանը և ընդգծել, որ ներկրվող ապրանքներին համարժեք տեղական արտադրությունը չի թանկացել:
Ի դեպ, «Արցախպրես»-ի լրացուցիչ ուսումնասիրության ընթացքում, ի պատասխան կատարված հարցումների, «Արցախկաթ» և «Լուսակերտ» ընկերություններից հայտնեցին, որ իրենց կողմից արտադրվող կարագի և թռչնամսի թանկացումներ չեն եղել և առաջիկայում ևս նման միտում չկա:
Նշենք, որ վառելիքի շուկայում Արցախում սեղմված գազի մասով, ՀՀ-ի համեմատ, ևս թանկացում չի գրանցվել: Թեմայի կապակցությամբ՝ հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Արցախի կառավարությունը սեղմված բնական գազի ակցիզային հարկի մեծության ավելացում չի կատարել, ինչի արդյունքում Արցախում գործող ավտոգազալցակայաններում սակագների բարձրացում չի եղել։