2017 թվականին Ստեփանակերտում կատարվել են մի շարք փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ:
Ստեփանակերտում կատարվել են մի շարք փողոցների բարեկարգման աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ նշելով, որ այդ նպատակով ծախսվել է 896 մլն դրամ:
«Բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են Ստեփանակերտի Մխիթար Սպարապետ, Սլավա Կասպարով, Շիրվանզադե, Գարեգին Նժդեհ, Հակոբ Հակոբյան, Կարո Ալվարյան, Հեքիմյան, Արզանյան փողոցներում, Վազգեն Սարգսյան 20, Իսակովի 4ա շենքերի բակերում, ինչպես նաև Առաքել Առաքելյան փողոցի մի հատվածում»,-մանրամասնել է Կ. Շահրամանյանը:
Կ. Շահրամանյանի խոսքով՝ 2017 թվականին իրենց նախարարությունը կապալառու կազմակերպությունների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ տարաժամկետ վճարման պայմաններով առաջնահերթ աշխատանքներ իրականացնելու համար:
«Այդ աշխատանքների թվին է պատկանում Ստեփանակերտի Վաղարշյան փողոցի ձախ հատվածի՝ Դուդինի և Փիրումյան փողոցների բարեկարգումը, որոնց մեծ մասն ավարտված է: Առաջիկա 2-3 տարվա ընթացքում նախատեսում ենք ևս ավարտին հասցնել Վաղարշյան փողոցն ամբողջությամբ:Սկսել ենք նաև Սասունցի Դավիթ 56 և 58 շենքերի բակերի բարեկարգման աշխատանքները»,-տեղեկացրել է նախարարը և ավելացրել, որ այդպիսի աշխատանքներ շարունակելու են հետագայում ևս: