Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության ծրագրի շրջանակներում փետրվարի 2-4-ը Ստեփանակերտում դասընթացներ են կազմակերպվելու:
Հայաստանի Ամերիկյան համալսարանը Ստեփանակերտում դասընթացներ է կազմակերպելու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԱՀ շարունակական կրթության ծրագրի համակարգող Նոննա Պողոսյանն ասել է, որ դասընթացներին ներկայացվելու են «Մարդկային կապիտալի կառավարում՝ ինչպես ճանաչել մարդկանց», «Բանակցություններ կամ ինչպես ստանալ այն, ինչ ուզում ես», «Նախագծերի կառավարում», «Նախագծերի գնահատում», «Հաղորդակցվելու հմտություններ», «Գործնական կապերի ստեղծում», «Ժամանակի կառավարում» թեմաները:
««Մարդկային կապիտալի կառավարում՝ ինչպես ճանաչել մարդկանց» թեմայով դասախոսությանը ներկայացվելու է մարդկային կապիտալի կառավարումը, նրա դերը կազմակերպություններում` սկսած պահանջից մինչև գործառույթների լիարժեքություն: Դասընթացը ներառում է տեսանյութեր, բանավեճեր, դերային խաղեր և թիմային աշխատանքներ: Երկրորդ՝ «Բանակցություններ կամ ինչպես ստանալ այն, ինչ ուզում ես» թեմայով դասախոսության ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են «Մտածելակերպ», «Բանակցությունների ներառող և բաշխող մոդելները», «Բանակցային խաղեր, «ՀՀԳ՝ Հնարավոր համաձայնության գոտի», «Շահեր և դիրքորոշում», «Այլընտրանք կամ BATNA», «Հարաբերություններ և հաղորդակցություն» թեմաները»,- նշել է Ն. Պողոսյանը և ավելացրել, որ մնացած դասընթացներին մասնակիցներն ուսումնասիրելու են ծրագրի կառավարման հիմունքները, նախագծերի եւ ներդրումների ուսումնասիրման տեխնիկան եւ գործիքները՝ օգտագործելով նախածերի գնահատման մոդելը, գաղափարներ, հմտություններ և կոմպետենտություններ, որոնք անհրաժեշտ են ավելի արդյունավետ և ազդեցիկ հաղորդակցվելու համար:
Ն. Պողոսյանի խոսքով՝ որոշ կուրսեր կրկնվելու են նրանց համար, ովքեր այդ ժամանակահատվածում չեն հասցրել մասնակցել: Դասընթացի բոլոր մասնակիցներին վերջում տրվելու են վկայականներ:
Դասընթացին մասնակցելու համար ցանկացողները կարող են դիմել npopoghosian@aua.am էլեկտրոնային հասցեին: