Արցախի նկարիչների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին:
Ստեփանակերտում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսին ներկայացված էր Արցախի երիտասարդ նկարիչների տարբեր ժանրերի ավելի քան 40 աշխատանք:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը՝ նշելով, որ այս ցուցահանդեսով, փաստորեն, տրվեց երիտասարդ նկարիչների միության գործունեության մեկնարկը:
«Մենք՝ ավագ սերնդի նկարիչներս, ուզում ենք խրախուսել երիտասարդ ստեղծագործողներին, որ նրանք կարողանան կայանալ արվեստի աշխարհում: Մենք մեծ հույսեր ենք կապում Արցախի երիտասարդ նկարիչների միության հետ: Չէ՞ որ երկիրը հզոր է նաև իր ազգային յուրօրինակ արվեստով, իսկ դրա կրողը պիտի լինեն Արցախի տաղանդաշատ հայ նկարիչները»,- մասնավորապես ասել է Հ. Գասպարյանը:
Արցախցի նկարիչ Լավրենտ Ղալայանը, խոսելով ցուցահանդեսում ներկայացրած երիտասարդ նկարիչների աշխատանքների մասին, խորհրդով դիմել է նրանց. «Նկարչի յուրաքանչյուր աշխատանք պետք է վերցրված լինի կյանքից, նկարին պետք է շունչ ու հոգի տալ: Մասնակցելով յուրաքնչյուր ցուցահանդեսի՝ նկարիչը պետք է կարողանա իր գործերը զուգորդել այլ նկարիչների աշխատանքների հետ, բայց նկարում ունենալ ու պահել իր գույներն ու ինքնությունը»:
Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի պատգամավորներ, նկարիչներ և այլք: