ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս այն ռուսաստանցիներին, որոնք կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ կամ որոնց նկատմամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են պահանջներ ներկայացնել, ծանրութեթև անել իրավիճակն արտասահման մեկնելիս:
ՌԴ ԱԳՆ-ն զգուշության կոչ է արել այն ռուսաստանցիներին, որոնք կարող են ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է tert.am-ն:
«ԱՄՆ-ի հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերի ցանկի հետ կապված իրավիճակը լրացուցիչ առիթ է մտածելու, թե արդյոք Ռուսաստանի Դաշնության սահմաններից պետք է դուրս գան մեր այն քաղաքացիները, որոնց նկատմամբ ամերիկյան իրավապահ մարմինները կարող են պահանջներ ներկայացնել»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին:
Նա նշել է, որ չի կարող ասել, թե ինչ պատճառներով են ամերիկացիները Ռուսաստանի քաղաքացիներին ներառում այս կամ այն ցանկերում, և կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է ինքը հասկանա, թե արդյոք նրա նկատմամբ կարող են պահանջներ ներկայացվել ԱՄՆ իրավապահների կողմից, թե ոչ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ պետքարտուղարությունը կարող է քննարկել «Մյուլերի ցանկում» հայտնված 13 ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:
ԱՄՆ հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերը մեղադրանք է առաջադրել ՌԴ 13 քաղաքացու և 3 ռուսական ընկերության՝ «դավադրություն ԱՄՆ-ի դեմ» և «խարդախություն» հոդվածներով: