2017թ-ին ընթացքում Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 77 պատահար (2016թ.` 61), որոնց հետևանքով մահացել է 16 (2016թ.` 11) և մարմնական վնասվածք ստացել 89 (2016թ.`69) մարդ:
Արցախում 2017թ-ին աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը. փոխոստիկանապետը ներկայացրել է պատճառները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանությունում կայացած կոլեգիայի նիստին ասել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունից դիտվում է, որ 32-ը` կատարվել է վարորդների անուշադրության և ճանապարհային երթևեկության կանոնների այլ խախտումների, 13-ը` սահմանված արագության գերազանցման և ոչ ճիշտ արագության ընտրության, 11-ը` ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 8-ը` հետիոտնային անցումների հատման կանոնների խախտման, 5-ը` հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու, 2-ական դեպքեր վազանցի կանոնների խախտման և տրանսպորտային միջոցների անսարքության, իսկ 1-ական դեպքերը (ընդամենը` 4) ճանապարհային նշանների և գծանշումների պահանջների, մարդկանց փոխադրման կանոնների, ղեկին քնելու և հետիոտնի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հետևանքով:
Նշենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով քաղաքացիների կյանքին և առողջությանը հասցվող հանարվոր վնասների նվազեցման համար ընթացիկ տարվա հունվարի 1-ից Արցախում ամրագոտիների կիրառումը պարտադիր է դարձել բոլոր վարորդների և ուղևորների համար: