Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջիկա նիստում կքննարկի «Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
ՀՀ խորհրդարանը քննարկելու է հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման մասին հայտարարության նախագիծ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ավարտին ունեցած եզրափակիչ ելույթում այս մասին հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ես շնորհակալ կլինեմ բոլոր այն առաջարկների համար, որոնք կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանը՝ կապված լսումների հետ: Խնդրում եմ չտալ մեզ պատմական տեղեկանքներ, լիրիկական զեղումներ: Մենք դրանք գիտենք, կարդացել ենք, օգուտը քաղել ենք, այլևս օգտակար չեն: Հավատացեք, ավելի սթափ և բանական գործողությունների իրականացման և մշակման կարիք ունենք: Տվեք մեզ փաստարկներ, նյութեր, որոնք, ըստ ձեզ, դեռ լավ օգտագործված չեն, լավ արծարծված չեն: Մեր բոլոր գումարման խորհրդարանների խորհրդարանականները բարձրացրել են այս հարցերը հավուր պատշաճի: Մենք չենք կարող պատասխանատվություն կրել նրա համար, թե ինչ-որ մեկը ինչ-որ մի բան է զառանցում, սակայն մենք պատասխանատվություն ենք կրում նրա համար՝ արդյոք ճիշտ ժամանակին արձագանքել ենք այդ զառանցանքին: Հետևաբար, երբ մեկը ինչ-որ մի բան խոսում է, հարևան պետություններից բարբաջում է, դա մեր մեղքը չէ, սակայն մեր մեղքը կլինի այն, եթե դրա արձագանքը չտանք»,- նշեց Աշոտյանը: Նա հավելեց, որ սպասելու են լսումների մասնակիցների նյութերին և առաջարկներին: Աշոտյանն ընդգծեց, որ հայտարարության տեքստը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: «Եթե կլինեն առաջարկներ՝ կապված հայտարարության տեքստի հետ, խնդրում եմ հնարավորինս շուտ՝ մինչև այսօրվա ավարտ, ներկայացնել դրանք, որովհետև վաղը հանձնաժողովի նիստում մենք քննարկելու ենք հայտարարության նախագիծը»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: